Համացանցում դեռ շարունակվում է «թեժ» մնալ «Հայոց ցեղասպանության» թեման։ Անշուշտ, իրավացի են բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ ազգային արժանապատվության, բարոյական և իրավական տեսանկյունից ամոթալի է քննել ու անդրադառնալ այդ աներկբայելի, անքննելի իրողությանը, որ վաղուց արդեն բացահայտ ճշմարտություն է աշխարհի համար։ Բայց, կա բոլորին հայտնի մի բայց… Մարդիկ մտավորականներից պահանջում են ընդվզե’լ, չլռե’լ, խոսե’լ, պատասխանե’լ սեփական իշխանության հայտարարություններին… Իբրև գրականության պատմաբան, սփյուռքագետ, Հայոց ցեղասպանության թեմայով («1894-1896 թթ. ջարդերի արձագանքը արևմտահայ արձակում», 2015 թ.) ատենախոսություն պաշտպանած գրականագետ՝ կարող եմ ասել, որ մեր և մեր պետության, ցանկացած իշխանության գերակա, առաջնահերթ խնդիրներից մեկն ու նպատակը պետք է լինի ոչ միայն մեր արդար պահանջատիրությունը՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության ընդունումը թուրքական կառավարության կողմից, այլև պետական բարձր մակարդակով միջազգային բարձր ատյաններում 1894-1896 թթ. հայկական ջարդերը ևս Ցեղասպանություն որակելու հարցը։ Ինչո՞ւ։ Որովհետև այն ժամանակ որևէ մեկը չէր ասում Գենոցիդ հայտնի պատճառով, որովհետև տերմինը գոյություն չուներ (նույնիսկ Սիամանթոն ու Դ. Վարուժանը ջարդ կամ կոտորած տերմինն էին օգտագործում)։ Ռ. Լեմկինն ուղղումը կատարեց. ջարդ նշանակում է քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցած որևէ կոտորած՝ մեծ թվով, իսկ ցեղասպանություն նշանակում է գենը ոչնչացնող՝ գենոցիդ։ Եվ շատ վատ է, որ մենք 1894-1896 թթ. միշտ համարել ենք ջարդեր կամ կոտորածներ։ Դրանք ամենաիսկական ցեղասպանությունն են, որի տարեգիրները եղան Սիամանթոն,Դ. Վարուժանը, Ռ. Սևակը, Ա. Արփիարյանը, Եր. Օտյանը, Երուխանը, Ռ. Զարդարյանը, Տ. Չյոկյուրյանը, Ս. Պարթևյանը և այլք։ Որ 1894-1896 թթ. ջարդերը իրենց ընդգրկումներով ու դրսևորումներով Հայոց ցեղասպանության առաջին ակորդն էին, փաստարկում են ոչ միայն հայ, այլև միջազգային ճանաչում ունեցող ցեղասպանագետները, մասնավորապես՝ Յաիր Աուրոնը («Անընդունելի անտարբերություն» գրքում)։ Ինչպես հայտնի է՝ ցեղասպանությունը, իբրև էթնոսի ոչնչացման նոր իրողություն, գիտական ուսումնասիրության առարկա է դարձել շատ երկրների համար։ Այդ նպատակով բազմաթիվ գիտական կենտրոններ են բացվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հայաստանում և այլուր։ Ցեղասպանության «դարաշրջանը» սկսվել և պետական մակարդակի է հասցվել թուրք կառավարության կողմից 1894-1922 թթ. իրագործված Հայոց ցեղասպանությամբ։ Կարիք կա՞ կրկնելու, որ ոչ միայն հայ ցեղասպանագետ գիտնականները, պատմաբանները, գրողները (Վ. Օհանյան, Ո. Մխիթարյան, Ա. Արսլան, Ռ. Ք. Կույումջյան, Վ. Տատրյան, Ջ. Կիրակոսյան, Ս. Պողոսյան, Ռ. Սաֆրաստյան, Վ. Ոսկանյան, Ս. Ալաջաջյան, Հր. Սիմոնյան, Ս. Մկրտչյան, Է. Դանիելյան, Հ. Գրիգորյան և այլք), օտար (Ռաֆայել Լեմկին, Յաիր Աուրոն, Մարիաննա Վիանելլո, Էմիլ Դիլոն, Քրիստոֆեր Ուոքեր, Դեվիդ Մարշալ Լանգ, Ֆրանկլին Լիթթել, Հելլեն Ֆեյն, Էլջին Գրոսքլոուս, Էլիաս Կանետտի, Ջորջ Հեփվորս և այլք), այլև իրենք՝ թուրքերն (Ջելալ Նուրի, Մեվլան Զադե Ռիֆատ, Զարաքոլու, Քեմալ Յալչըն, Թաներ Աքչամ և ուրիշներ) են ընդունում, որ մարդկության դեմ ուղղված ոճրագործություն՝ ցեղասպանություն է իրականացվել հայերի նկատմամբ։ Այն հաստատվել է «թուրքական շուրջ 74 դատական մեղադրական դատավճիռներով, որոնք երբևէ չեն բեկանվել» (Գ. Դանիելյան)։ Հարկ կա՞ հիշեցնելու, որ շատ երկրներ իրավական տեսանկյունից դատապարտելի են համարել ցեղասպանության ժխտումը, հերքումը։ Մյուս կողմից՝ ցեղասպանագիտության տեսական հիմնավորումների ճանապարհին գիտնականները (Մայքլ Բանքս, Բարբարա Հարֆ և այլք), լուրջ ուսումնասիրություններից հետո առաջ են քաշել Վիքթիմիզացիայի (զոհի վերածվելը) դրույթը, համաձայն որի, այս կամ այն ժողովուրդը գենոցիդի զոհ է դառնում, ոչ թե ցեղասպանության իրականացման պահին, այլ ժամանակային առումով ավելի վաղ (այս մասին մանրամասն տե’ս Դանիելյան Է., Հայոց ցեղասպանության պատճառները, Տարեգիրք, Եր., 2005, էջ 4-12)։ Վիքթիմիզացիայի տիպիկ օրինակը տալիս է Հայոց ցեղասպանության պատճառների քննությունը։ …. ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ԱԿՆԱՐԿ Այսպես, Աբդուլ Համիդը, երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար 1878 թ. սկսած, ստեղծեց մանրակրկիտ մշակված հրեշավոր մի ծրագիր (մանրամասն տե’ս Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), Եր. 2009, էջ 149-166)՝ հիմքում ունենալով պանիսլամիզմի գաղափարախոսությունը, որ հետագայում ուղեցույց եղավ թե’ երիտթուրքերի և թե’ քեմալականների համար (հանգամանալից տե’ս Խուրշուդյան Լ., Հայկական հարցը. բովանդակությունը, ծագումը, պատմության հիմնական փուլերը, Եր., 1995)։ Չկան հայեր, չկա նաև Հայկական հարց։ Ահա սա էր խնդրի քաղաքական հարցի լուծման թուրքական քաղաքականությունը։ 1890–ական թվականների սկզբից, աբդուլհամիդյան վարչակարգը դիմում է արմատական միջոցների՝ հայերի ֆիզիկական բնաջնջմանը (մանրամասն տե’ս Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, Երկու գրքով, Գիրք Ա., Եր. 1982), որն իր գագաթնակետին հասավ 1894-1896 թթ.։ Սրանով նրանք մեկընդմիշտ լուծում էին ոչ միայն Հայկական հարցը, այլև սեփական հայրենիք ունենալու խնդիրը (տե’ս Պողոսյան Ս., Արևմտահայությունը ցեղասպանության շեմին, Եր., 1997, էջ 49): Սուլթան Աբդուլ Համիդը, եվրոպական տերությունների թողտվությամբ, կոտորածներ սկսեց իրականացնել Արևմտյան Հայաստանի ողջ տարածքներում։ 1895-1896 թթ. զանգվածային ջարդեր են տեղի ունենում Այնթափում, Բիթլիսում, Բաբերդում, Երզնկայում, Խարբերդում և այլուր։ Սա ցեղասպանության ՍԿԻԶԲՆ էր։ Այդ մասին ահազանգում էր եվրոպական մամուլը, ահազանգում էին մարդասերները (մանրամասն տե’ս ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, Փաստաթղթերի և նյութերի ժողովածու Մ. Գ. Ներսիսյանի խմբագրությամբ, Եր. , 1991։ Տե’ս նաև Լեփսիուս Յ., Գաղտնի տեղեկագրեր. հայերի ջարդերը, Եր., 2003): 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում ընդունված Ցեղասպանության կոնվեցիայի 2-րդ հոդվածում նշվում է, որ Ցեղասպանություն է հետևյալ գործողություններից որևէ մեկը (1. Խմբի (ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական) անդամներին սպանելը, 2. Նրանց մարմնական կամ հոգեկան լուրջ վնաս հասցնելը, 3. Կանխամտածված կերպով կյանքի այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հանգեցնելու են նրա ֆիզիկական ոչնչացմանը, 4. Խմբի ներսում ծնունդների կանխմանն ուղղված միջոցառումների պարտադրումը, 5. Խմբի երեխաներին հարկադրաբար մեկ այլ խումբ փոխանցելը): Հազարավոր արխիվային փաստաթղթերը վկայում են, որ 1880-ական թվականներից թուրքական վարչակարգի կողմից իրագործվել են նշված բոլոր ձևակերպումներին բնորոշ գործողությունները, այլ կերպ՝ ցեղասպանություն. «Հայերի նկատմամբ կիրառված քաղաքականությունը ցեղասպանություն էր։ Արդյունքում՝ ֆիզիկապես ոչնչացվել, բռնի դավանափոխվել և հայրենի տարածքները լքել են ավելի քան կես միլիոն արևմտահայեր» (տե’ս Գրիգորյան Հ., 1894-1896 թթ. զանգվածային ջարդերի ազդեցությունը հայոց ազատամարտի հետագա մարտավարության վրա, Եր., 2005, էջ 24)։ Այն մասամբ ձախողվեց՝ շնորհիվ հայ ժողովրդի ազգային - ազատագրական զինված պայքարի, որը ստիպեց թուրք կառավարող շրջաններին առժամանակ դադարեցնել հայության ֆիզիկական ոչնչացման քաղաքականության իրականացումը (տե’ս Մկրտչյան Լ., Արևմտահայության ցեղասպանության աբդուլհամիդյան քաղաքականությունը, «Հայոց ցեղասպանությունը», ուսումնասիրություններ, Եր., 2001, էջ 55-76): Վերը բերված համառոտ ակնարկն անգամ վկայում է, որ 1894-1896 թթ. իրադարձությունները ջարդեր որակելը մեղմ, ավելի ճիշտ՝ սխալ մոտեցում է։ Դրանք իրականում Մեծ ցեղասպանության առաջին ակորդն էին (սա, ինչպես վերը նշվեց, փաստում է միջազգային ցեղասպանագետ ՅԱԻՐ ԱՈՒՐՈՆԸ իր «Անընդունելի անտարբերություն» գրքում»), և որոնք իրենց ազդեցությունը գտան կյանքի ամենանուրբ զգայնաչափի՝ գրականության մեջ։
Նառա Ղարիբի ՍԱՐԳՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների
թեկնածու